Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել խուսափել միակողմանի քայլերից Երուսաղեմի հայկական թաղամասում


09:28 , 5 ապրիլ, 2024

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը, մեկնաբանելով Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերը, կոչ է արել Իսրայելի իշխանություններին զերծ մնալ քաղաքում ստատուս քվոն կասկածի տակ առնող ցանկացած միակողմանի գործողություններից։

«Ֆրանսիան անհանգստացած է Երուսաղեմի հայկական թաղամասում երեկ տեղի ունեցած միջադեպերով։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Ապրիլի 3-ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ ներխուժեցին Երուսաղեմի «Կովերու Պարտեզ» (Կովերի այգի) տեղանք և հանեցին այնտեղ կանգնեցված պատնեշները։ Ներխուժման ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և հայ ակտիվիստների, ինչպես նաև հայ հոգևորականության ներկայացուցիչների միջև։