Հայաստանում ԵՄ առաքելությունը հավատարիմ է իր մանդատին և միջազգային հանրությանը տրամադրում է անաչառ տեղեկատվություն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


16:59 , 2 ապրիլ, 2024

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։

«Տեղում, ռազմական շփման գծին հնարավորինս մոտ՝ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,-գրել է նա՝ կիսվելով առաքելության՝ ապրիլի 1-ին սահմանային դիտարկումների հրապարակմամբ։

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր կրկին պարեկություն էր իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։ Մեր դիտորդները ռազմական արտառոց տեղաշարժեր չեն նկատել։ Զատիկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,-գրված է առաքելության պաշտոնական էջում։