Խարդախություն է․ լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կունենաք ֆինանսական կորուստներ․ ՆԳՆ ոստիկանություն


16:26 , 30 մարտ, 2024

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։

Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ: