Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան


10:56 , 1 մարտ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը․ 

«Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից, աղետներից և պատերազմներից պաշտպանելու գործում:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը, օրվա խորհրդին համահունչ, ամեն տարի հայտարարում է տարվա կարգախոս։ 2024 թվականին կարգախոս է հայտարարվել «Պատվե՛ք հերոսներին և խթանե՛ք անվտանգության հմտությունները»՝ ի պատիվ այն հերոսների, որոնք շատ հաճախ ճանաչում չեն ստանում կատարած կարևորագույն աշխատանքի համար։ Այն հարգանքի տուրք է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների, կամավորների և անհատների անխոնջ ջանքերին, որոնք նվիրված են բնակչության անվտանգության և պատրաստվածության ապահովման նշանակալի գործին: