Էլ ի՞նչ պահանջես, եթե արդի հայ մշակույթի առաջատարը Լիլիթ Հովհաննիսյանն է` իր թուրքա-քրդա-արաբական «սթայլով»


11:25 , 16 սեպտեմբեր, 2013

Անձամբ չեմ ճանաչում Լիլիթ Հովհաննիսյանին, բայց հարկ եմ համարում նշել, որ վերջին շրջանում բծախնդրորեն ուսումնասիրել եմ երգչուհու ստեղծագործական ժայթքումները, որոնք մեկը մյուսի հետևից հարյուր հազարով դիտումներ են հավաքում youtube-ում և բուռն քննարկումների առիթ հանդիսանում: Եվ մեծ հաշվով, կարելի է փաստել, որ Լիլիթը հայրենական շոու բիզնեսի լոկոմոտիվն է:
Սուպերսթարյան ժառանգորդի «Էլի Լիլիթ» երգը (նամանավանդ տեսահոլովակը) վերջնականապես հաստատեց այն տեսակետը, որ հայկական շոու բիզնեսը մեծ արագությամբ գահավիժում է անճաշակության և ցածր ինտելեկտով մասսայի համար նախատեսված արվեստի (եթե կարելի է այդպես կոչել) ստորոտները: Բանն այն է, որ եթե Լ.Հովհաննիսյանը իր թուրքա-քրդա-արաբական «սթայլով» հանդիսանում է արդիական հայ մշակույթի առաջատար, ապա ոչինչ չունենք պահանջելու ո՛չ մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ հայ արվեստագետներից: Եվս մեկ անգամ դիտեք տեսահոլովակը և փորձեք տեսնել այնտեղ արվեստի կամ գոնե այսպես կոչված «կրեատիվության» մեկ նշույլ: Չկա, գոյություն չունի, չի էլ ունենա, քանի որ այդ դիտումների քանակ ապահովողները և «ճաշակը» կրկնօրինակողները մենք ինքներս ենք: