Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել իրաքյան Էրբիլում գտնվող իսրայելական Մոսադի գլխավոր շտաբներից մեկի


10:23 , 16 հունվար, 2024

Այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել իրաքյան Էրբիլում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։

«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչությունների` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հետախուզական շտաբները և թշնամու շտաբները խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռներով», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում այն ոչնչացվել է։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արաբական տարբեր երկրներում շիաների դիմադրության ճակատին կոչ էր արել հարվածել թշնամուն, որտեղ էլ որ նա լինի: