Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա


12:07 , 14 սեպտեմբեր, 2023

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա, փոխանցել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Ընդունելությունից հետո ընկեր Կիմ Չեն Ընը քաղաքավարությամբ հրավիրել է նախագահ Պուտինին այցելել Հյուսիսային Կորեա իրեն հարմար ցանկացած ժամանակ։ Նախագահը գոհունակությամբ ընդունել է հրավերը եւ մեկ անգամ եւս ռուս-կորեական բարեկամության պատմությունն ու ավանդույթները մշտապես շարունակելու պատրաստակամություն հայտնել»,- նշվել է հաղորդագրությունում։

Գործակալության տեղեկացմամբ՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը նաեւ հայտնել է, որ Ռուսաստան կատարած այցը «երկու երկրների միջեւ համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նշանակալի պահ կծառայի»։