Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել ս.թ. մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև ս. թ. մարտի 18-ը: Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012 մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը: