Գրքերը մարդկային մաշկով կազմելու սովորույթը կոչվում է անթրոպոդերմիկ գրակազմություն և ամենևին էլ սարսափ ժանրի հորինվածք կամ էլ լեգենդ չէ իրենից ներկայացնում: Սա իրական տեխնիկա էր, որը չնայած մեր օրերում զարհուրելի է հնչում ու դատապարտելի, սակայն 17-րդ դարից ի վեր պաշտոնապես ընդունված երևույթ է եղել: Այն մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես Ֆրանսիական հեղափոխության տարիներին և հատկապես բարձր խավի մարդկանց մոտ 19-րդ դարում: Մարդկային մաշկով էին կազմում հիմնականում անատոմիայի մասին գրքերը, վերջին ցանկության տեքստերն ու կտակները և դատական վարույթները: Այս տեխնիկայի մասին բազմաթիվ լեգենդներ կան, որոնք այն կապում են ինչ-որ չար ուժերի հետ, սակայն անթրոպոդերմիկ գրակազմությունը որոշակի պատմություն ունի և օգտագործվել է սովորական ու աշխարհիկ տեքստերի համար: Այս հոդվածում առանձնացվել են այն գրքերը, որոնք պաշտոնապես հաստատվել են, որ կազմված են մարդկային մաշկով:
10. «Վերջին ժամանակների ամենաբարբարոս դավաճանների դեմ իրականացվող քայլերի իրական ու կատարյալ փոխկապակցվածությունը. Գարնետ Հիսուսականն ու իր համախոհները»
1606թ. Հայր Հենրի Գարնետի մաշկից
Այս գիրքը Վառոդի դավադիրների ձախողումների, ձերբակալությունների ու մահապատիժների մասին է: Վառոդի դավադիրները կաթոլիկ ապստամբներ էին, ովքեր 1605թ.-ին փորձել են սպանել բողոքական Անգլիայի Ջեյմս առաջին թագավորին, նրա ավագ որդուն ու Անգլիայի դատարանի ու կառավարության անդամներին: Նրանք պլանավորում էին վառոդի միջոցով պայթեցնել Խորհրդարանական տունը հենց նիստի ժամանակ: 1605թ.-ին ապստամբների պլանավորած դավադրությունը ձախողվում է և ստանում է «Վառոդի դավադրություն» անունը: Բոլոր մասնակիցներին հայտնաբերում ու մահապատժի են ենթարկում: Ամենահայտնի դավադիրը Գայ Ֆոկեսն էր, իսկ նրա «ամենակարևոր» համախոհներից մեկը Հայր Հենրի Գարնետն էր, ով գլխավորում էր Անգլիայում Հիսուսականների խմբավորումը: Հենց նրա մաշկն է օգտագործվում գիրքը կազմելու համար, երբ նրան մահապատժի են ենթարկում: Սա ամենահայտնի աթրոպոդերմիկ կազմն է, քանի որ շատերը կարծում են, թե կազմի վրա կարելի է տարբերակել Գարնետի դեմքը` հավերժ դատապարտված հոգեվարքի:
Հարվարդի համալսարանի Լանգդելի իրավաբանական գրադարանի հազվագյուտ գրքերից մեկն է, որը մի քանի դարերի հնություն ունի: Գիրքն Իսպանիայի օրենքների մասին է, և դրա վերջին էջին թույլ նշմարելի մակագրություն կա, որում ասվում է. «Այս գրքի կազմը իմ սիրելի ընկեր Ջոնաս Րայթից մնացած միակ բանն է, ով կենդանի մաշկվել է Ուավումայի կողմից 1632թ.-ի օգոստոսի չորրորդ օրը: Բտեսա թագավորն է ինձ հանձնել այս գիրքը, որը թշվառ Ջոնասի ամենակարևոր իրերից էր, իր կաշվի հետ միասին, որով գիրքը կազմված է: Թող ննջի խաղաղությամբ»:
Ենթադրվում է, որ Ուավուման աֆրիկյան ցեղախումբ է, որ բնակվել է ժամանակակից Զիմբաբվեի տարածքում: Անթրոպոդերմիկ գրակազմության այս նմուշը վկայում է այն մասին, որ մարդկային մաշկով գրքեր կազմելը նախկինում նաև մարդկանց հիշատակը վառ պահելու նկրտումներ է ունեցել:
8. «Լիդզ. Անգլիայի գլխավոր մատյան»
1700-ականներ անհայտ մարդու մաշկից
2006թ.-ին 300 տարվա հնություն ունեցող մի մատյան է հայտնաբերվում Անգլիայի Լիդզ քաղաքում: Այն հայտնաբերվել էր կողոպուտ իրականացնելու ընթացքում: Մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես այն հանգամանքը, որ մատյանը գրված է եղել ֆրանսերենով և 1700-ականների հնություն ունեցել: Այս հանգամանքը ենթադրում է, որ մատյանը գրվել է Ֆրանսիական հեղափոխության տարիներին` այն ժամանակ, երբ անթրոպոդերմիկ գրակազմությունը մեծ ժողովրդականություն էր վայելում: Եթե սա գրվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ապա այս մատյանը կարելի է դասել այնպիսի գրքերի շարքում, ինչպիսիք են օրինակ «Մարդու իրավունքները» և 1793թ.-ի «Ֆրանսիական սահմանադրությունը», որոնք նույնպես համարվում են մարդու մաշկով կազմված գրքեր:
7.Վերգիլիոսի «Գեորգիկները»
Ժակ Դելիլի մաշկից
Ժակ Դելիլը հայտնի ֆրանսիացի բանաստեղծ էր, ով նաև հրաշալի թարգմանություններ էր անում: Նրա հայտնի գործերից մեկն է Վերգիլիոսի «Գեորգիկների» թարգմանությունները: Երբ Դելիլը մահանում է, ինչ-որ մեկը դիակից «գողանում է» նրա մաշկն ու դրանով կազմում «Գեորգիկների» նրա թարգմանությունը:
6.Սամուել Ջոնսոնի բառարանը
1818թ., Ջեյմս Ջոնսոնի մաշկից
Սամուել Ջոնսոնը հանրաճանաչ գրողներից և անգլերեն լեզվի բառարանագիրներից մեկն է: «Անգլերեն լեզվի բառարանը» նրա կարևորագույն աշխատանքներից մեկն է: Առաջին անգամ 1755թ.-ին հրատարակված Սամուել Ջոնսոնի բառարանը 40.000 բառ էր պարունակում և տվյալ ժամանակաշրջանում համարվում էր պատմության ամենալայնածավալ աշխատանքը: 1818թ.-ին Ջեյմս Ջոնսոն անունով մի հանցագործ է կախաղան հանվում Նորվիչում: Իսկ նրա մաշկը օգտագործվում է Սամուել Ջոնսոնի բառարանի օրինակներից մեկը կազմելու համար: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այս երկու մարդկանց ինչը կարող էր կապել:
5.Կարմիր ախոռի սպանության դատական գործը
1828թ., Վիլյամ Քորդերի մաշկից
Կարմիր ախոռի սպանությունը ոչ այնքան հայտնի սպանության դեպք էր, որը տեղի էր ունեցել Անգլիայի Փոլսթիդի Սուֆոլքում 1827թ.-ին: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ Մարիա Մարտեն անունով մի կին առանց ամուսնանալու երեխա ունեցավ Վիլյամ Քորդեր անունով մի խաբեբայից: Սա մեծ հանցանք էր համարվում, և կինը տեղական ծխական հոգևորականների կողմից կարող էր նույնիսկ մահապատժի ենթարկվել: Նրանք պայմանավորվել էին հանդիպել տեղի Կարմիր ախոռում, որպեսզի բոլորից ծածուկ կարողանան փախչել: Սակայն Քորդերը սպանում է Մարտենին ու փախչում: Մարտենի դիակը հայտնաբերվում է ու ճանաչվում, երբ վերջինիս խորթ մայրը երազներ է տեսնում այն մասին, թե աղջիկը սպանվել ու թաղվել է Կարմիր ախոռում: Քորդերին գտնում են ու մահապատժի ենթարկում, իսկ նրա մահը ազգային ցնցում կարծես լիներ, դրա մասին երգեր են հորինվել, բալլադներ, պիեսներ, որոնք մինչև այսօր էլ պահպանվել են: Քորդերի մահապատժից հետո բժիշկներն նրա մարմինը կտրում ու ուսումնասիրում են: Նրա կմախքը կարող էր Արևմտյան Սուֆոլքի հիվանդանոցի համար որպես ուսուցողական նմուշ ծառայել: Նրան մաշկազերծ է արել Ջորջ Քրիդ անունով վիրաբույժը, իսկ մաշկը օգտագործվել է սպանության դատական գործի մատյանը կազմելու համար: Մատյանն այժմ գտնվում է Մոյսի թանգարանում, իսկ դրա մեջ մակագրված է. «Այս գրքի կազմը մարդասպան Վիլյամ Քորդերի մարմնից է, որը մաշկազերծ եմ արել ինքս 1828թ.-ին: Վիրաբույժ Ջորջ Քրիդ` Սոֆոլքի հիվանդանոց:
4.«Ջեյմս Ալենի կյանքի պատմությունը. Ծածկանունը` Ջոնաս Փիրս, Ջեյմս Յորք, Բարլի Գրով. Ճանապարհային ավազակ, ում մահն իր խոստովանանքն էր մասաչուսեցի պետական կալանավայրի ժամապահին»
1837թ., Ջեյմս Ալենի մաշկից
Ջեյմս Ալենը 19-րդ դարի մասաչուսեցի ճանապարհային ավազակ էր, ով իր մահից առաջ անսովոր մի խնդրանք բարձրաձայնեց: Ալենին կալանավորել էին այն ժամանակ, երբ նա փորձել էր կողոպտել Ջոն Ֆեննո անունով մի մարդու, սակայն Ֆեննոն ոչ միայն կարողացել էր դիմադրել ու պաշտպանվել, այլև հրազենային վերք էր հասցրել Ալենին և օգնել նրան ձերբակալել:
Այսպես, մահվանից առաջ Ալենը խնդրում է, որպեսզի իր մասին հիշատակարանը, որը գրվել էր բանտապանի կողմից, կազմեն իր մաշկով և այն նվիրեն Ֆեննոյին: Այս գրքի կազմի վրա մակագրված է. «Hic Liber Waltonis Cute Compactus Est», որը նշանակում է. «Ալենի կողմից գրված գիրքն իր իսկ մաշկով կազմված»: Ալենի հետնորդները հետագայում գիրքը նվիրաբերել են Բոթոնի գրադարանին:
3.Ջոն Միլթոնի բանաստեղծական գործերը
1852թ., Ջորջ Քուդմորի մաշկից
1830թ.-ին Ռոբորոուի առնետներ որսացող Ջորջ Քուդմորը մկնդեղով թունավորում է իր կնոջը տապակած խնձորի ու կաթի մեջ այն լցնելով: Քուդմորը այնուհետև ձերբակալվում ու կախաղան է հանվում Դևոն Գոլի Լենթ Ազիսում: Մահանալուց հետո նրա մարմինն ուղարկվում է Էքզեթերի հիվանդանոց հերձման ու ուսումնասիրման նպատակով: Հիվանդանոցում Քուդմորի մաշկի մի մասը ձեռք է բերում Էքզիթերի գրավաճառ Ու. Կլիֆորդը, որը հետագայում օգտագործվում է Ջոն Միլթոոնի բանաստեղծական աշխատանքները կազմելու համար: Գրքի առաջին հատվածում հիշատակվում են Քուդմորն ու իր կատարած հանցանքը: Այժմ գիրքը պահպանվում է Էքսիթերի Արևմտյան երկրամասերի ուսումնասիրությունների գրադարանում:
2.«Երկնային երկրները» (Terres du Ciel)
1882թ., անհայտ ֆրանսիացի կոմսուհու մաշկից
Կամիլ Ֆլամարիոնը ֆրանսիացի հայտնի աստղագետ էր և գրող, ով ժամանակին երկրպագուների մեծ բանակ ուներ: Նրա «ամենանվիրված» երկրպագուներից էր մի ֆրասիացի կոմսուհի, ով մահանում է երիտասարդ տարիքում տուբերկուլյոզ հիվանդությունից: Նրանք երբեք չեն հանդիպել: Այնուամենայնիվ, մահանալուց հետո նա իր մեջքի հատվածից մաշկ է նվիրաբերում Ֆլամարիոնին` խնդրելով, որպեսզի դրանով կազմի իր գիրքը: Ֆլամարիոնն իհարկե համաձայնվում է և նրա հաջորդ գրքի առաջին օրինակը` «Terres du Ciel» վերնագրով, կազմվում է կնոջ մաշկով: Գրքի կազմի վրա ոսկեգույն տառերով մակագրված է. «Անանուն ցանկության բարեպատեհ իրագործումը. կազմված է կնոջ մաշկով, 1882թ.»:
Գիրքն այժմ գտնվում է Ջուվիսիի գրադարանում:
1.«Երկար ճանապարհորդություն» (El Viaje Largo)
1972թ., անհայտ մարդու մաշկից
Սլիփերի Ռոք համալսարանի Բեյլի գրադարանում մի փոքրիկ տարօրինակ, իսպանական էրոտիկ բանաստեղծությունների գիրք կա` «El Viaje largo» վերնագրով: Գրքի հեղինակը Տեռե Մեդինան է: Գիրքը կազմած է մարդու մաշկից և այս հանգամանքը շոկային է, քանի որ ենթադրվում է, որ այն գրվել է 1972թ.-ին: Գրքի ներսում` առաջին էջին, գրված է անգլերեն և իսպաներեն լեզուներով. «Այս գրքի կազմը մարդու մաշկից է: Մայագես Պլատեու տարածաշրջանի Ագվադիլյա ցեղախումբը պահպանում է ցեղախմբի մահացած անդամների իրանի հատվածի մաշկը: Հիմնականում պահպանված մաշկերը ագվադիլացիներն են օգտագործում, սակայն երբեմն դրանք նաև հայտնվում են առևտրական շրջանառության մեջ, որտեղ սակավ, սակայն պահանջարկ, այնուամենայնիվ, կա: Այս կազմը հենց այդ պահանջարկի արտահայտումն է»: