Արևմուտքի ներխուժումը Սիրիա կարող է դառնալ Լավրովի բարձրաձայնած «պատմական սխալ»-ի սկիզբը


00:23 , 27 օգոստոս, 2013

Հետաքրքիրն այն է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը (ըստ էության 2-րդ անգամ) սկսեց ակտիվորեն շրջանառվել այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը հետևողականորեն հաջողություններ էին արձանագրում ապստամբների ու ահաբեկիչների դեմ պայքարում: Հավանաբար սա վկայում է այն մասին, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը Սիրիայում իշխանափոխության հույսերն այլևս հակված չեն կապելու ապստամբականների հետ և ստիպված դիմում են պահուստային տարբերակին՝ քիմիական զենքի խաղաքարտին:

Աչք փակելով ապստամբականների ու ահաբեկիչների գազանաբարոյությունների հանդեպ՝ արևմտյան մի շարք երկրներ շտապեցին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրել Սիրիայի իշխանություններին, ինչը համապատասխան փորձագիտական եզրակացությունների բացակայության և անմեղության կանխավարկածի անտեսման պայմաններում խոսուն վկայությունն է Արևմուտքի կանխակալ վերաբերմունքի: Իսկ քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելով Սիրիայի իշխանություններին՝ Արևմուտքը փորձում է լեգիտիմացնել Սիրիա ներխուժելու հնարավոր տարբերակը, ինչը, իրականում, կարող է դառնալ Ս. Լավրովի բարձրաձայնած «պատմական սխալ»-ի սկիզբը: