Հարց սեքսոպաթոլոգին: «Հղիության ընթացում սեքսով զբաղվել կարելի՞ է, թե՞ ոչ»


19:00 , 24 օգոստոս, 2013

Հարց՝ 

Հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալ կարելի՞ է, թե՞ ոչ: Ի՞նչ հակացուցումներ կան: Արդյոք պտղին դա չի՞ վնասի:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Կարելի է, նույնիսկ` ցանկալի: Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են՝ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում ապրել սեռական կյանքով: Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին և նրան «թաքցրել» մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջնային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, և լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը: Հղիության ընթացքում սեռական կյանքի հաճախականությունը անհատական բնույթ է կրում: