Մեր որոշ լրատվամիջոցներ նպաստում են թշնամու հակահայ ռեժիմի քարոզչական դիվերսիաներին


13:50 , 24 օգոստոս, 2013

ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի 4-րդ կետով սահմանվում են ՀՀ տեղեկատվական անվտանգության սպառնալիքների աղբյուրները: Մեջբերեմ երկու դրույթ, որոնք որոշ կայքեր, որպես կանոն, հաշվի չեն առնում` տարածելով հակառակորդ, հարևան երկրի քարոզչամեքենայի կողմից պատրաստված, հստակ սպառնալիք ու թյուրըմբռնում առաջացնող նյութեր, տեսանյութեր:
«- Օտարերկրյա քաղաքական, տնտեսական, ռազմական, հետախուզական և տեղեկատվական կառույցների գործունեությունը` ուղղված տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ,
- միջազգային տեղեկատվական աղբյուրներով հակահայկական կեղծ տեղեկատվության տարածումը, հայ ազգային հոգեբանական խառնվածքի, մշակութային ինքնության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քայքայիչ գործողությունների իրականացումը…»,- սևով սպիտակի վրա գրված է ՀՀ տեղեկատվական հայեցակարգում, ու որը պետք է լավ յուրացրած լինեն տեղեկատվական դաշտում գործող լրատվամիջոցները: 
Նմանատիպ նյութերի տարածումը նպաստում է հակառակորդի ապակողմնորոշիչ քայլերի արմատավորմանը ու հանրության շրջանում ստեղծում է թյուր ընկալումներ` նպաստելով հակառակորդ երկրի կողմից մեր հասարակության ապակողմնորոշման ու ապատեղեկացման իրականացմանը: Այլ կերպ ասած` սկզբունքորեն, տվյալ լրատվամիջոցները նպաստում են թշնամի, հակահայ ռեժիմի քարոզչական դիվերսիաներին: