Պարո՛ն նախագահ, խնդրում եմ` տեր կանգնեք Ձեր ղեկավարած երկրի երիտասարդներին` վաղվա զինվորներին ու մայրերին. Բաց նամակ


04:42 , 20 օգոստոս, 2013

Բաց նամակ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին


Հարգարժա՛ն պարոն նախագահ, սույն նամակը գրելու անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե խնդիրը, որը կներկայացնեմ ստորև, չլիներ առավել քան կարևոր, չլիներ ճակատագրական: Պարո՛ն նախագահ, հասարակության բոլոր խավերը տագնապում են, բոլորը տեսնում են օր օրի ավելացող ու նոր ծավալներ ընդգրկող արտագաղթը: Լավատեսները պարզապես կանխազգում են վտանգը, վատատեսները համոզված են, որ կկատարվի մեր դարավոր թշնամիների` թուրքերի երազանքը, և Հայաստանը կմնա առանց հայերի:
Հարգարժա՛ն պարոն նախագահ, Դուք` որպես ՀՀ նախագահ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր և քաղաքացի, առավել քան համոզված եմ` պակաս անհանգստացած չեք այս խնդրով...
Պարո՛ն նախագահ, ես` Գրիշա Էձգերիձես, նոր եմ մտնում հասուն կյանք, նոր պետք է սովորեմ երկրի գլխավոր բուհում, և, ահա, խնդրեմ, դեռ կյանք մտնելուս նախաշեմին ստանում եմ ծանր սոցիալական հարված, որը, անկախ իմ կամքից, ստիպում է ինձ կյանքիս ամենակարևոր սեպտեմբերներից մեկը դիմավորել վատ, հյուծված, չարացած տրամադրությամբ: Այս խնդրին են բախվում այս տարի բուհ ընդունվածների ութսուն տոկոսից ավելին: Ահա այստեղ են իրենց հիմքերը դնում «արտագաղթ» կոչվածն ու գաղջ մթնոլորտը: Ահա այսպես է ձևավորվում սոցիալական անհավասարությունը, երբ կրթությունն անգամ սոցիալականացվում է՝ հետայսու բուհերի դռները բացելով միայն վճարունակ, ասել է թե՝ մեծահարուստների առջև: 
Սույն նամակով, պարո՛ն նախագահ, խնդրում եմ, որ այս հարցը համարեք առաջնային, նպաստեք, որ մենք` երիտասարդներս, հասուն կյանք մտնենք դրական լիցքերով, չմտածենք, որ շուրջբոլորը անարդարություն է տիրում: 
Պարո՛ն նախագահ, խնդրում եմ` տեր կանգնեք Ձեր կառավարած երկրի երիտասարդներին` վաղվա ու այսօրվա զինվորներին, վաղվա մայրերին: Խնդրում եմ` նպաստեք Հայաստանի հինգ պետական բուհերում անհիմն կերպով բարձրացված վարձավճարների թանկացումը կանխելուն: Հատկապես այն բուհում, որի կառավարման խորհրդի նախագահն եք: Համոզված եմ, որ Դուք տեղյակ չեք եղել բուհի ռեկտորի ոչ իրավաչափ և ոչ ուսանողակենտրոն որոշմանը: Վարձերի բարձրացումը կվերածվի սոցիալական նոր ցնցումի, երիտասարդների վստահությունը երկրի հանդեպ կթուլացնի, շատերին կպարտադրի ատելությամբ լցվել մի երկրի հանդեպ, որտեղ ամեն ինչ արվում է կյանքի տերեր դարձածների, հարյուր հազարավոր աղքատացածների հաշվին հարստացածների համար: Կրթությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, մինչդեռ այսօր փակվում են շատերի առջև բուհերի դռները, որովհետև շատերի համար անընդունելի են այս ոչ ողջամիտ որոշումները: Մենք համաձայն ենք այն բանին, որ լավ կրթությունը մեծ փողեր է պահանջում, որ դասախոսներին պետք է բարձր վճարել, սակայն տարեկան մոտ 700 մլն դրամ հարկ վճարող բուհը կարող է օգտվել որոշակի արտոնություններից, բուհերի նկատմամբ կարելի է կիրառել սահուն հարկային քաղաքականություն... Ուրեմն, մեծարգո պարոն նախագահ, երկրի համար մտահոգվելով, առաջին հերթին խնդրում ենք հոգ տանել երիտասարդության մասին, մանավանդ որ մեր ազգն արդեն, ցավոք, դասվում է աշխարհի ծերացող ժողովուրդների շարքին...
Հույսով, հավատով և մեծ ջերմությամբ` մեր ու Ձեր երկրի երիտասարդ