Պուտինի բիզնես-կրուիզը Ադրբեջան


16:49 , 13 օգոստոս, 2013

Երեկվանից երբ լուրեր տարածվեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելում է Ադրբեջան ծովային ճանապարհով, սկսեցին շրջանառվել հարցեր, թե ինչ կարելի է սպասել այդ այցից մեր մասով, ինչ է նշանակում Պուտինի այդ քայլը և այլն: 
Հայտնի է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հայտնի է նաև, որ Ադրբեջանը անթաքույց հավակնություն ունի ինտեգրվել ՆԱՏՕ-ին, չմոռանանք նաև, որ ունի էներգակիրների հարուստ պաշար: Իսկ Ռուսաստանի նախագահի այս այցը, որին մի փոքր էլ, չեմ վախենա այդ բառն օգտագործելուց, «պակազուխա» հաղորդվեց ռազմանավով Բաքու հասնելու քայլով, պարզապես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման քայլ է նշանակում: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր ունեցած էներգառեսուրսների տեսանկյունից: Դա ևս մեկ որոշիչ խթան է տարածաշրջանային ներկայացվածության իր դիրքերի ամրապնդման մասով, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը նպատակներ ունի Ադրբեջանի էներգետիկ շուկա մտնելու վերաբերյալ, օրինակ` ձեռք բերել բնական գազի հսկայական պաշարներ ունեցող «Շահ դենիզ-2»-ում բաժնեմաս, սա նույնպես մեծ հետաքրքրություն է: Ու Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին այս դիտարժան ծովային այցը իր հիմքում հետաքրքիր բիզնես ծրագրերի ենթատեքստ է պարունակում: