Հարգելի պարոն Աշոտյան, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով` մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել և ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին: 2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետևյալ բուհերում`
• Երևանի պետական համալսարանում,
• Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
• Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում,
• Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում,
• Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա և անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով: Նախևառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա:
Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար և արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը: Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը և ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման և բարգավաճման գործընթացում “մարդկային կապիտալի” կարևորության մասին:
Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը: Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ: Հարգանքով` ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողով: