Կոչ մշակույթի գործիչներին. բնությունն այսօր ձեր կարիքն ունի


15:17 , 5 օգոստոս, 2013

Այն, որ դուք բոլորդ ձեր իսկ ստեղծագործություններով ոգեշնչվել եք հայրենի բնությամբ, այն, որ հենց ԲՆՈւԹՅՈւՆՆ է ձեզ շնորհել այն տաղանդը, որով այսօր փորձում եք զարմացնել մեզ, այսօր այդ նույն ԲՆՈւԹՅՈւՆԸ ձեր իսկ կարիքը ունի…

Ժամանակին հայ գրողները շատ են անդրադարձել հայրենի բնությանը, իսկ այսօր դա ձեր կողմից չի զգացվում:

Ժամանակին հայ կոմպոզիտորները ստեղծել են հիանալի ստեղծագործություներ, որոնցով գովերգել են հայրենի բնությունը, իսկ այսօր այն ձեր կողմից չի ներկայացվում:

Ժամանակին հայ կինոռեժիսորները ներկայացրել են բազմաթիվ հայրենի բնությունը ներկայացնող հիանալի կադրեր, այսօր այն ձեր կողմից չի նկարահանվում:

Ժամանակին հայ երգիչ-երգչուհիները իրենց տեսահոլովակները նկարահանել են հայրենի բնության գրկում, իսկ այսօր բազմաթիվ եւ սնկի պես մեկը մյուսի հետեւից նկարահանվող տեսահոլովակներում նկատում ենք հանքախորշերում նկարահանված կադրեր… Փաստերն առկա են, կարող եմ ներկայացնել:

Ժամանակին հայրենի բնությունը գովերգող ու գնահատող շատ գործեր են առկա, որ այսօրվա սերնդին չեն հետաքրքրում… 

Ի՞նչ արած, գիտեմ, որ բոլորդ հիմա կասեք` ԲՆՈւԹՅՈ՞ւՆ է մնացել….

Եթե այդպես է, փորձեք ձեր կոչով բոլորի ուշադրությունը սեւեռել այն փաստի վրա, որ Բնությունը մեր կարիքը ունի, եւ նա մեզ օգնության է կանչում….

Տարիներ առաջ մի հիանալի ստեղծագործություն հանձնվեց հանրության դատին, որտեղ նշվում էր, որ բնությանը պետք է նուրբ վերաբերվել, եւ որ բնությունը մեր հոգիներում պետք է մնա միշտ...