«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարություն է արել, ինձ է դիմել` պնդելով, որ կյանքից զրկելուն ուղղված սպառնալիքներ է ստանում. Արման Թաթոյան


03:55 , 16 նոյեմբեր, 2020

Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:

Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»,- գրել է Արման Թաթոյանը: