Հյութալի, բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։
Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։
Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։ Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը, ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լվանում» է ավազը։
Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում։
Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից։
Բացի այդ, դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։
Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։