Azatutyun.am-ը գրում է.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ Արմեն Սարգսյանը հանրաքվեի մասին հրամանագիր չի ստորագրի և փաստաթուղթը կուղարկի Սահմանադրական դատարան։
Մարուքյան. - Մենք հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան։ Մինչև այդ փուլը, կարծում եմ՝ վաղաժամ է որևէ բան մտածել՝ քարոզարշավ, ոչ, այո, անիմաստ է։ Սպասում ենք հանրապետության նախագահի գործողությանը։ Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել և չեն կարող դրա առաջ աչք փակել։
«Ազատություն». - Այդ խախտումները հաշվի առնելո՞վ եք կարծում, որ նախագահը չի ստորագրելու:
Մարուքյան. – Այո։
«Ազատություն». – Ո՞ր խախտումներն են, որոնք կործում եք՝ ակնառու են և թույլ չեն տալու նախագահին ստորագրել։
Մարուքյան. – Սահմանադրական փոփոխություն չի կարող լինել, Ազգային ժողով չի կարող ներկայացվել ընդհանրապես նման փաստաթուղթ առանց Պետաիրավական հանձնաժողովի եզրակացության։ Այսինքն՝ երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր։ Դրան գումարած սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ, դրան գումարած, որ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով։ Կարող եմ թվարկել, հիմա մեր իրավաբանները կազմում են էլի, տենց կարող է մի 10-15 հոդված ունենանք։ Բոլոր այս խախտումներն ակնհայտ են, դրան գումարած միջազգային պարտավորություններ՝ Վենետիկի հանձնաժողովին որ չի ուղարկվել, Սահմանադրական դատարանի եզրակացություն, այսինքն՝ էս բոլորը փունջ է։ Հիմա էս փունջը պետք է, որ թույլ չտա, որ հանրապետության նախագահը շարժվի առաջ և ստորագրի այս փաստաթուղթը։
«Ազատություն». – Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ բանը չհասնի հանրաքվեին, ի վերջո, երեկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է առանձին-առանձին, նույնիսկ միասին հանդիպել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների հետ՝ նրանց երաշխիքներ տալով և այլ այլն և հարցը լուծել։
Մարուքյան. – Հնարավոր է, այո, հնարավոր է, որ դատավորներն այդ սպառնալից ելույթը լսեն և մտածեն, որ իրենց հետապնդելու են։
«Ազատություն». – Սպառնալի՞ք է այդ ելութը, դատավորների՞ն է ուղղված։
Մարուքյան. – Միանշանակ դա սպառնալիք է և աշխարհում որևէ գործադիր իշխանության ղեկավար իրավունք չունի դատավորներին կանչի հանդիպման՝ նրանց պաշտոնի հարցը քննարկելու վերաբերյալ։ Դա, ըստ էության, հակասահմանադրական առաջարկ է և այդ առաջարկով նա նաև սպառնաց։ Եթե նայեք այն բառերը, որոնք օգտագործվել են այդ տեքստի մեջ ակնհայտ է, և ես չեմ բացառում, որ այդ դատավորներն, ովքեր կարող են չվախենալ ոստիկանությունից, հազար մեկից կարող են չվախենալ, բայց նրանք կարող են վախենալ, որ կարող են դառնալ հանրային թիրախ, հանրային թիրախ կարող են դառնալ այս իշխանության բարձր կոչերով։
«Ազատություն». – Իսկ նախագահը չի՞ կարող հանրային թիրախ դառնալ։
Մարուքյան. – Դեռ նախագահին չի սպառնացել վարչապետը, սպասում ենք այդ սպառնալիքին։