«Փակ շուկան» տասը օրից կփակվի


14:09 , 22 դեկտեմբեր, 2011

Ամեն օր մտածում եմ` գոնե այսօր մի դրական գրառում անեմ բլոգում, բայց օրը դեռ չսկսած` տխուր լուրեր են տարածվում: Այսօր «Ազատությունը» պարզել է, որ 10 օրից «Փակ շուկան» կփակվի: Պաշտոնական վարկածը վերանորոգումն է, սակայն ինչպես հիշում եք, մի քանի ամիս առաջ խոսվում էր, որ Սամվել Ալեքսանյանը գնել է շուկան և պատրաստվում է հերթական «Սիթի»-ն բացել:

Ի՞նչ կարող եմ ասել: Պարզապես այն, որ մեծ հաշվով բոլորը թքած ունեն երևանցիների կարծիքի վրա, և մի երկու մարդկանց շահերն ավելի բարձր արժեք ունեն, քան քաղաքի պատմության մաս կազմող շինությունները:

Ի դեպ, Մաշտոցի պողոտայի «Սիթի»-ն սահուն կերպով վերածվել է կոշիկների խանութի, ինչը հաստատում է մեզ հասած նախնական վարկածը, որ «Փակ շուկան» շուտով կդառնա սուպերմարկետ: Շուկայի վաճառողները որևէ ստույգ տեղեկատվություն չունեն: Հստակ է միայն այն, որ նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել մեկ այլ շուկա, սակայն որևէ ազատ տարածք վաճառողները չեն գտել:

Բոլոր տեղեկությունները ասեկոսեների մակարդակի վրա են. մարդիկ պատմում են, որ շուկայի մի մասը նախատեսված է օգտագործել որպես սուպերմարկետ, մնացածը` շուկա, բայց դա էլ հստակ չէ:

Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը որևէ կապ չունի շուկայի հետ: Սակայն ամիսներ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան», որը պատկանում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնին, վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«Ազատության» լրագրողի հետ զրույցում վաճառողները խնդրել են մինչև մարտ ամիսը հետաձգել վերանորոգումը, քանի որ չեն կարողանա մինչ այդ սպառել ձեռք բերած ապրանքը: Ես կարծում եմ, որ, եթե Ալեքսանյանը մտադրվել է հունվարի 1-ից սկսել վերանորոգման աշխատանքները, ապա վաճառողների կարծիքը հաշվի չի առնելու, քանի որ հետտոնական «մեռած» առևտրի շրջանը կօգտագործի նորոգման համար:

Ուֆ, ոնց եմ հոգնել նույն խնդիրներից… Մեր երկրում ոչինչ չի փոխվում, առաջ չենք գնում. մենք մշտապես նույն հարցեր ենք բարձրաձայնում, ուղղակի մեզ լսող չկա…