Մեծ Կուլլինան ադամանդը Բրիտանական թագի վրա


09:49 , 29 հունիս, 2013

Ադամանդների պատմության մեջ իր ուրույն տեղն է գրավում Մեծ Կուլլինան անունը կրող ադամանդը: Ահա պատմությունը: 1905թ. հունվարին Հարավային Աֆրիկայի ադամանդի հանքերից մեկի տնօրենը պատահաբար փայլ է նկատում, սկզբում կարծում է՝ կոտրված շշի արձակած փայլն է, հետո մոտենալով հայտնաբերում է խնձորի մեծություն ունեցող բնության հրաշքը: Ադամանդը կշռում էր 3.025 կարատ: Այն անմիջապես գնեց նահանգային իշխանությունը և ուղարկեց Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ին: Թանկարժեք իրի՝ Հարավային Աֆրիկայից Լոնդոն ապահով փոխադրումը կատարվեց հետևյալ կերպ. մինչև ատամները զինված չորս մարդկանց ուղեկցությամբ ադամանդը առաքման արկղով դուրս հանվեց հանքավայրից: Հատուկ մեքենայով նրանք ուղևորվեցին Կեյպ Թաուն, որից հետո միայն իրենց համար նախատեսված նավով նավարկեցին դեպի Սաուսհեմփթոն, այնուհետև հատուկ գնացքով` դեպի Լոնդոն: Երբ Լոնդոնում պաշտոնյաների ներկայությամբ արկղը բացվեց, այն, ինչ տեսան, ապշեցրեց բոլորին՝ ածուխի կտորներ: Պարզվեց՝ ադամանդը փաթեթավորվել և Լոնդոն էր ուղարկվել ամենահասարակ ձևով՝ փոստով: Հետագայում Մեծ Կուլլինանը հատվեց մի քանի կտորների, որոնցից երկուսն այժմ զարդարում են Բրիտանական թագը: