Գիշերվա 04.40-ին լուսաբացն է, իսկ երեկոյան 21.00-ին արդեն մթնում է. ո՞րն է դրա իմաստը


18:45 , 26 հունիս, 2013

Չէի ցանկանա տեսնել միտում, սակայն առկա վիճակն առավել քան տարօրինակ է: 2012թ. փետրվարին «Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելուց և դեկրետային ժամանակի վերացումից հետո հայտնվել ենք տարօրինակ իրավիճակում: Գիշերվա 04.40-ին լուսաբացն է, իսկ երեկոյան 21.00-ին արդեն մթնում է: Ո՞րն է դրա իմաստը: Գուցե ճի՞շտ ժամային գոտի չենք ընտրել: 20 տարի առաջ հակառակն էր արվել՝ ալաֆրանգի ձևով այնպես էին պտտել սլաքները, որ 16.00-ին արդեն մութ էր: Կարծում եմ՝ տարվա ընթացքում սլաքը պտտելու գաղափարը ճիշտ է, իսկ գոտին իսկապես ճիշտ չէ: Պետք է այժմ սլաքը տեղափոխել 90 րոպե առաջ և այդպես թողնել: Թե՞ առկա է հստակ միտում՝ ստիպել, որպեսզի մարդիկ երեկոյան ժամերին սպառեն էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում, բնականաբար, կավելանան էներգետիկ ընկերությունների (իմա՝ սպառողի)՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը: