Ճիշտ պահին ռուսները կխաբեն մեզ այնպես, ինչպես ժամանակին խաբեցին աշխարհի մի շարք պետությունների


23:25 , 19 հունիս, 2013

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ռուսաստանը 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել Ադրբեջանին…
Իհարկե, դա երկու անկախ պետությունների ինքնիշխան իրավունքն է՝ հաստատել հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը թույլ կտա նման մասշտաբի գործարք կնքելուն:
Նույն ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ նույն Ռուսաստանը հայտ է ներկայացնում դառնալու «Հայռուսգազարդի» հարյուր տոկոսանոց բաժնետերը:  

Ռուսաստանը սեփականության իրավունքով Հայաստանում ունի նաև այլ ռազմավարական օբյեկտներ, որոնք ժամանակ առ ժամանակ որպես ճնշման գործիք օգտագործում է մեր երկրի վրա՝ իր այս կամ այն ստրատեգիական շահերը տարածաշրջանում ամրապնդելու և իր ազդեցությունն էլ ավելի մեծացնելու համար:
Այս ֆոնի վրա առաջին հայացքից իսկապես տրամաբանական չէ, որ մի երկիր, որը Հայաստանում գնալով ամրանում է, պնդանում, ավելին, իր ամրությամբ աստիճանաբար սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, զենք է մատակարարում մի երկրի, որն իր թիվ մեկ թշնամին է համարում Հայաստանը, և ըստ ամենայնի, այդ զենքերը գնում է, որպեսզի իրեն հարմար ու ձեռնտու ժամանակ կրակի Հայաստանի ուղությամբ:
Իսկ գուցե լավ էլ տրամաբանակա՞ն է. իսկ ե՞րբ չեն վարվել այդպես նրանք…
Գիտեք, դա Ռուսաստանի իրավունքն է, նաև նախանձելի է, որ այդ պետությունը եզի համառությամբ պաշտպանում է իր աշխարհաքաղաքական շահերը…
Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում…գիտակցաբար՝ այլ ելք չորոնելով…
Գոնե ինձ համար մի բան պարզ է մեկընդմիշտ. ճիշտ պահին ռուսները կխաբեն մեզ այնպես, ինչպես ժամանակին խաբեցին աշխարհի մի շարք պետությունների…
Իսկ Դուք ասում եք, թե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք… Ադրբեջանի ականջը խուլ…