Եվրոպայում շատ լավ գիտեն, որ ժողովրդավարությունը ոչ թե կամքի արտահայտում է, այլ հստակ կառավարման ձև


01:48 , 13 ապրիլ, 2019

ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթում լավ մեսիջներ, անշուշտ, կային, մասնավորապես՝ Արցախի հարցում, երբ կոչ արվեց միջազգային կառույցներին ուշադրություն դարձնել մարդու իրավունքների ասպեկտին։ Մարդու իրավունքների թեման, իհարկե, այն հարցն է, որն ընկալելի է եվրոպացիների համար և շատ կարևոր է։ Սա, թերևս, նոր մոտեցում է և կարող է շատ լավ աշխատել հետևողական լինելու դեպքում։ Սակայն ելույթի սկիզբը, կարծում եմ, մի քիչ շատ էր կենտրոնացված հեղափոխության վրա, իսկ Հայաստանում ժողովրդավարության թեման փոքր-ինչ բարձրագոչ էր հնչում։ Տպավորություն էր, որ վարչապետը ձգտում էր զարմանք կամ հիացմունք «կորզել» եվրոպացիներից, բայց նրանց նման երևույթներով դժվար թե զարմացնես կամ հիացնես։

Օրինակ՝ Եվրոպայում շատ լավ գիտեն, որ ժողովրդավարությունը ոչ թե կամքի արտահայտում է, այլ հստակ կառավարման ձև, ռեժիմ, որի իրականացման լավագույն երաշխիքը կառուցվածքային-ֆունկցիոնալ համապատասխան բազայի առկայությունն է։ Ռեժիմն իշխանության իրականացման մեխանիզմ է․ եթե կառուցվածքն ու ֆունկցիան դեռևս տրանսֆորմացիաների մեջ են, ապա օբյեկտիվորեն իշխանության իրականացման մեխանիզմն էլ կարող է ժամանակ առ ժամանակ շեղվել ժողովրդավարական սկզբունքներից, հայտնվել ճգնաժամի մեջ և այլն։

Վերջապես, ով-ով, բայց եվրոպացիները շատ լավ գիտեն, որ ժողովրդավարության մասին կարելի է համարձակ խոսել այն ժամանակ, երբ արդեն առկա է ժողովրդավարական կոնսոլիդացիան (ժողովրդավարացման վերջին փուլը)։ Վերջինի համար անհրաժեշտ են քաղաքական համակարգի ինստիտուտների, մասնավորապես՝ կուսակցական համակարգի, քաղաքացիական հասարակության կայացվածություն և, որ ամենակարևորն է, քաղաքական համապատասխան մշակույթ, առանց որի ինստիտուտներն ի վիճակի չեն արդյունավետ կարգավորելու սոցիալ-քաղաքական հարաբերությունները, իսկ Հայաստանում դրանց մասին դեռ վաղ է խոսել։

Հայաստանում հիմա դեմոկրատիզացիայի գործընթաց է (երբ ժողովրդավարական ինստիտուտները գտնվում են կայացման փուլում), և որքան էլ առկա են լավ նախադրյալներ, այնուամենայնիվ, այն հիմք չի տալիս խոսելու կայացած ժողովրդավարության մասին։ Ընդամենը մի փոքրիկ շեղումն այս պարագայում կարող է հրահրել դեռևս ամբողջովին չմարած «ավտորիտար ռեֆլեքս», ինչը տվյալ իրավիճակներին ներհատուկ երևույթ է։ Եվրոպայում սա էլ շատ լավ գիտեն․ ահա թե ինչու այնտեղ հայաստանյան ժողովրդավարության պահով, իմ տպավորությամբ, դեռևս խանդավառված չեն։