ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հավանություն տվեցին կառավարության հաշվետվությանը


22:34 , 13 հունիս, 2013

Ազգային ժողովը հունիսի 13-ին 66 «կողմ», 36 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով հաստատեց ՀՀ 2012 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նախապես հրապարակված դիրքորոշումների համաձայն` հաշվետվությանը դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության կառուցվածքում սահմանվում է նոր՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն: