«Իմ կարծիքով՝ նարգիլեանոցները միանշանակ պիտի փակվեն»․ Քրիստ Մանարյան


01:47 , 6 փետրվար, 2019

Իմ կարծիքը՝ նարգիլեանոցները միանշանակ պիտի ՓԱԿՎԵՆ: Ամեն ինչ ասեցին, բայց մոռացան նշել, որ դա արևելյան մշակույթ ա՝ անտեր-անտեր վեր ընկնել ու ծուխ քաշել: Դա արևելքի տեմպ ա, արևելքի կենսակերպ, քաղցր, խեղդող, շարբաթ, արևելքի ամեն ինչի նման: Դա միայն ծխելու տեղ չէ, դա ժամանակ սպանելու ու պարզապես տեսակով իներտ դառնալու տեղ ա, անբանության դարբնոց: Երկրորդ՝ ասում են՝ մարդ ինքն ա որոշում իր առողջությանը վնաս տա, ինչի՞ եք խառնվում...

Բա, այ միամիտներ կամ, ավելի ճիշտ, միամիտ ձևացողներ, էդ նույն տրամաբանությամբ կազինո գնալն էլ ա մարդն ինքը ընտրում, էդ անվերջանալի սպորտային ղումարներ խաղալը նույնպես մարդ ինքն ա ընտրում, ոչ ոք իրան ձեռնաշղթաներով չի տանում՝ վերջին կոպեկը ծախսելու: Բայց մարդիկ տներ են գրավ դնում, տնից ոսկեղեն են թռցնում, պարտք են անում ու էլի խաղում են, սեփական ընտրությամբ: Դա լավ ա՞... Ինքնասպանությունը լինում ա արագ կամ դանդաղ։ Հիմա եթե մարդը կամրջից իրեն նետում ա, ոստիկանության աշխատողն իրավունք ունի դա կասեցնելու, իսկ եթե դանդաղ ա իրեն սպանում, ուրեմն՝ թող սպանի՞... Ինչու՞ էինք երեխա ժամանակ ֆիզկուլտուրա անցնում, ու դա պարտադիր առարկա էր, ինչո՞ւ են պատանիներին պարտադրում ծառայել բանակում, ինչո՞ւ են մարդուն պարտադրում մեքենայում ամրագոտի կապել... Շարունակե՞մ...