Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ականների սկզբին զրկել է Սփյուռքին Հայաստանում «քաղաքական իրավունքներ բանեցնելուց»: Այսինքն՝ ըստ Փոստանջյանի՝ կուռ տրամաբանության, նորանկախ Հայաստանում «քաղաքական իրավունքներ բանցենելու» իրավունք պետք է ունենային Հայաստանի քաղաքացի չհանդիսացող, հայկական արմատներ ունեցող այլ պետությունների քաղաքացիները:
Երևակայություններիդ զոռ տվեք. Հայաստանի քաղաքացի չհանդիսացող, բայց արմատներով հայ համարվող անձը պիտի Հայաստանում ընտրելու և ընտրվելու իրավունք ունենար: Աշխարհի բոլոր մարդկանցից ԴՆԹ անալիզ էր վերցվելու, որպեսզի պարզվե՞ր, թե արմատներով ովքեր են հայ, թե՞ այդ «իրավունքն» ըստ անհատի ցանկության էր տրվելու, այսինքն, չհանդիսանալով Հայաստանի քաղաքացի, ով ասեր` «հայ եմ», ինքնաբերաբար Հայաստանում «քաղաքական իրավունքներ բանեցնելու» իրավունք էր ստանալո՞ւ: Կարծում եմ` այսքանը բավարար է հերթական ցնդաբանությունն ընկալելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանում չբնակվող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդկանց ընտրական իրավունքին, ապա այդ իրավունքն ամրագրված է եղել օրենսդրորեն և չեղարկվել է Քոչարյանի օրոք: Մասնավորապես` 1996թ․-ին ընդունված «Հանրապետության նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված էր, որ «Օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանրապետության նախագահի ընտրությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում»: