Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:
Առաջին սմարթ այգին Երևանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երևանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: