Մաուգլիները, կենդանական աշխարհից կտրվելով, ցավոք, մարդ չեն դառնում: Սա շատ կարևոր նախազգուշացում է


19:02 , 19 մայիս, 2013

Ամեն անգամ, երբ տեղի են ունենում ընդվզումներ, հասարակության մեջ հայտնվում են «խելոքներ», ովքեր ջանում են ապացուցել, որ«տհաճ» իրավիճակների հեղինակը ժողովուրդն է, կամ, ինչպես իրենք են արտահայտվում, ժողովրդի ոչ գիտակից զանգվածը:
Սա օրինաչափ դիմակայություն է: Այն պայմանավորված է հասարակության ոչ միատարր լինելով, ինչը ևս օրինաչափ է:
Երբ Արարիչը ստեղծեց մոլորակը, բնությունն ու կենդանիներին, ներառյալ մարդուն, չասաց, որ ինչ-որ մի բույս ավելի լավն է, քան մյուսը, կամ որ առյուծն ավելի լավ կենդանի է, քան ավանակը, ջայլամը...՝ դրանք բոլորն իրարից տարբեր են և, «Տեսա, որ դա լավ է» (Արարչի խոսքն էր) - դա է օրինաչափությունը: Օրենք:
Մարդիկ ևս տարբեր են, ինչը հրաշալի գրավական է զարգացման համար:
Եվ զարգանում ենք... ամեն մեկն իրեն հատուկ եղանակով, հենվելով սեփական տաղանդների վրա՝
Գիտելիք սիրողն անդադար ձգտում է ավելացնել դրանք...
Տգիտություն սիրողը խորացնում է իր այդ հատկությունը...
Հանցագործն անդադար ավելացնում է իր հմտությունները...
Բժիշկը, գիտնականը, սպորտսմենը, ինժեները, գրողը, նկարիչը, խուլիգանը, կոշկակարը, ճարտարապետը և այլն, և այլն... բոլորը զարգանում են:

Բնության մեջ հավասարակշռությունն ապահովվում է բնության օրենքներով: Երբ մարդն իր գործունեությամբ խաթարում է այդ օրենքները, միևնույն է, բնությունը ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ է՝ վնասվում է խանգարողը:
Կենդանական և բուսական աշխարհը ևս գոյատևում են իրենց հատկացված օրենսգրքերով... Խաթարողն ինքն է վնասվելու, քանի որ Արարիչը չէր նախատեսել, որ իր ստեղծածը պետք է վերանա... (ինչու՞ էր ստեղծում):
Յուրաքանչյուրին իր Օրենսգիրքը: 

Գանք մարդկային հասարակարգին: Այն որոշել է ապրել միավորվելով որոշակի կառույցների մեջ՝ ընտանիք, ցեղ... ...պետություն: Այս խմբերում կան վերը թվարկված հատկություններով օժտված էակներ և «զարգանում են»...
Ահա... 
Եթե հասարակությունը, առանց համակեցության Օրենքները հաշվի առնելու, պարզապես պետք է դիտի, թե ինչպես են զարգանում ԲՈԼՈՐԸ (գիտնական, ավազակ, մարդասպան, նկարիչ...), դժվար չէ գուշակել, թե ինչին դա կհանգեցնի... 
Պետություն ասածը հասարակության համար ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ գործիքն է, որից պետք է վնասվի հասարակության զարգացմանը խանգարողը: Կարծում եմ, կարիք չկա թվել խանգարիչ երևույթներն ու հանգամանքները: Երբ ինքնակարգավորումը չի գործում, սկսվում են ընդվզումները, որոնք ոչ մի «բարոյախրատական» տեքստերով չես հարթի: 
Կխորանան խախտումները՝ կսաստկանան հասարակական փոխհարաբերությունները, որոնցից ամենամեղմը, ոմանց համար եկամտաբեր, արտագաղթը:
Օրենք: Միակ գործիքը բոլորի համար, եթե գործում է բոլորի համար: Արարիչն է այդպես ծրագրել:
Օրենք ոչ բոլորի համար՝ օրենք չէ՝ խաթարող հանգամանք է: