Գազի սակագների սուբսիդավորումը Հայաստանի տնտեսությունը սպառնում է ավելի ուժգին հարվածով


22:31 , 17 մայիս, 2013

Ընդհանրապես քաղաքական հոսքերի բացակայության պայմաններում սոցիալական բունտը ավելի հավանական է դառնում, որովհետև քաղաքական պրոցեսների (ընտրություններ, հանրաքվեներ և այլն) ժամանակ հասարակության սոցիալական դժգոհությունները ուղղորդվում եմ դեպի քաղաքական հուն, և քաղաքական լիդերները կարողանում են հմտորեն խուսափել սոցիալական առճակատումից: Այժմ Հայաստանի քաղաքական դաշտում քառամյա զինադադար է, մինչդեռ սոցիալ - տնտեսական խնդիրները սկսել են ախտահարել պետության բոլոր բնագավառները: Գազի թանկացմանը հետևելիք անխուսափելի թանկացումների շղթան, գազի սակագնի սուբսիդավորման հետևանքով անխուսափելի դարձած հարկային բեռի ավելացումը, կարկտահարության հետևանքով կաթվածահար եղած գյուղատնտեսությունը, արտագաղթի հետևանքով սպառողների անկում արձանագրած և այլևս ցածր շահութաբերություն ապահովող մանրածախ առևտուրը ամբողջական ցանկը չեն այն երևույթների, որոնք սնում են սոցիալական դժգոհությունների ալիքը: Մինչդեռ սոցիալական բունտը չարիք է ցանկացած պետության համար՝ անկախ պետության ղեկավարների լեգիտիմության աստիճանից, ուստի քաղաքական գործիչները ամեն ինչ պետք է անեն՝ երկրի սոցիալական խնդիրները բանականության սահմաններում լուծելու համար...
Նախ և առաջ կառավարությունը, սուբսիդավորման հայտարարությունից առաջ, պետք է սառը դատողության շրջանակներում քննարկի, թե որքանով են տրամաբանական առաջարկվող կասկածահարույց սակագները: Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը երեկ թիվ է հրապարակել՝ գազը, հասնելով Հայաստանի սահման 270 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար (ընդ որում, այս գնի մեջ ընդգրկված են Վրաստանով տարանզիտի գինը), ազգաբնակչությանը բաշխվելու է արդեն 1000 խորանարդ մետրի համար 532 դոլարով: Հայաստանը չպետք է նմանատիպ գերշահույթների ճոխություն թույլ տա «Հայռուսգազարդ»-ին այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին գազամատակարարումն է: Ամեն ինչ պետք է արվի՝ օրենքի և դիվանագիտության սահմաններում սակագների հարցը մեղմելու ուղղությամբ, որովհետև ցանկացած սուբսիդավորում, որը այդ պահին մեղմում է սպասվելիք տնտեսական հարվածը, հետագայում առավել ուժգին հարված է հասցնում տնտեսությանը: 
Գյուղատնտեսության՝ մեռյալ կետից շարժելու վերաբերյալ կառավարությանը բազմիցս առաջարկել ենք՝ պետությունը պետք է գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման փոխարեն հանդես գա ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. անվերադարձ սուբսիդիաների փոխարեն պետությունը այդ փողը ներդրում է գյուղացիական տնտեսությունների մեջ՝ մի տեղ շահելով՝ բարենպաստ պայմանների առկայության պարագայում, այլ տեղ կորցնելով՝ բնական աղետների և ֆորս-մաժորների հետևանքով: Արդյունքում շահում են գյուղացիները՝ ունենալով պետության նման հզոր թիկունք, շահում են բանկերը՝ գումար ներդնելով երաշխավորված ոլորտում, և շահում է պետությունը՝ անվերադարձ սուբսիդիաների փոխարեն իր գումարները առավել արդյունավետ օգտագործելով:
Այս և նմանատիպ այլ անհրաժեշտ միջոցառումները չիրականացնելու դեպքում սոցիալական զանգվածային անկարգություններից խուսափելու միակ ձևը մնում է որևէ ֆորմատի արտահերթ ընտրության անցկացումը: Չնայած ցանկացած համապետական ընտրություն շուրջ մեկ տարով կարող է մեղմել սոցիալական բողոքները՝ փոխարինելով դրանք քաղաքական պայքարի իմիտացիայով, սակայն կստացվի երազախաբության նման մի բան, որովհետև խնդիրները հետաձգվելիս՝ ավելի են բարդանում և անլուծելի դառնում: Այդ ամենի փոխարեն չինովնիկնրը պետք է ձգեն գոտիները և տնտեսության մեջ և քաղաքական դաշտում կատարեն հեղափոխական փոփոխություններ...
Որ սոցիալական հեղեղները նրանց ևս չսրբեն ասպարեզից...
Որովհետև սոցիալական հեղեղները մի «վատ խասիաթ» ունեն՝ առաջին հերթին հենց չինավնիկներին են հարվածում...