Առակ արդարադատության, դեմոկրատիայի ու փաստաբանության մասին


11:19 , 19 հունիս, 2018

Մի օր անապատում Արդարադատությունը, «Դեմոկրատիան» ու Փաստաբանությունը վիճվելով զբոսնում են։
Էս «դեմոկրատիան» գոռում է. «Վառել, գնդակահարել, խաչել զինվորի հաց գողացողներին, Պերմյակովներին, դիմակներով ցուցարարների վրա հարձակվողներին»։

Արդարադատությունը հակադարձելով պնդում է. «Նախ՝ պետք է իր դատավարական իրավունքների անվերապահ պահպանմամբ դատել, հետո նոր օրենսդրությանը համապատասխան արդարացի որոշել, թե ինչ անել»։
Փաստաբանությունն ուզում է խառնվել, սակայն «դեմոկրատիան» թարս է նայում վերջինիս։ Դրանից հետո Փաստաբանությունը, հաշվի առնելով նաև, որ «բարոյականությունն» է իրեն կանչում, թողնում-հեռանում է։
Հենց այդ պահին Արդարադատությունը մահանում է։

Էս «դեմոկրատիան» անապատում միայնակ է մնում ու սկսում է իր կյանքում առաջին անգամ առանց հուզական պոռթկումների խորհել և վերջիվերջո հասկանում է, որ անհնար է Արդարադատության գոյությունն առանց Փաստաբանության, իսկ առանց Արդարադատության ինքը երբեք չի դառնա կայացած, իրական, առողջ, չակերտներից ազատ ու մեծատառով ԴԵՄՈԿՐԱՏԻԱ։