Armtimes.com-ը գրում է.
Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման (ԲՈՀ) կոմիտեի նախագահ։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Արզումանյանն աշխատանքից ազատվել է առանց զգուշացվելու: Այսինքն՝ նոր ղեկավարին նշանակել են, առանց նախկինին ազատման մասին տեղյակ պահելու:
«Սա այն դեպքերից էր, որ խնդրում եմ, քննարկենք երկու օր հետո, երբ ամբողջ աժիոտաժը նշանակումների շուրջ կնստի եւ ավելի հանգիստ կքննարկենք: Ես այսօր հանդիպել եմ տիկին Արզումանյանի հետ եւ մենք մի շարք հարցեր քննարկել ենք»,- երեկ Ազգային ժողովում լրագրողներին ասել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ի՞նչ են քննարկել նախարարն ու ԲՈՀ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը, պարզեցինք վերջինիցս:
- Տիկին Արզումանյան, երեկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ձեզ հետ հանդիպել եւ մի շարք հարցեր է քննարկել, ի՞նչ եք քննարկել հանդիպման ժամանակ: Արդյո՞ք բացատրել է ձեզ, թե ինչու են առանց տեղեկացնելու ազատել աշխատանքից:
- Չէ, ոչ մի բան, մենք պայմանավորվել ենք կիրակի օրը հանդիպել:
- Իսկ մինչ այս, ձեր ազատման հետ կապված, բացատրություն չե՞ն տվել:
- Ոչ, դա ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ, բայց դե չեն ասել, մնում է ինչ-որ ենթադրություններ:
- Իսկ պատրաստվո՞ւմ եք դատի տալ ձեր սահմանադրական իրավունքը խախտելու համար:
- Բոլորովին, մեր իրավունքները ամբողջ կյանքում, ամեն քայլափոխի խախտվում են, խնդիրը դա չէ: Եկել է նոր իշխանություն, ընդ որում, ասեմ, որ այս իշխանությանը ես գրկաբաց եմ ընդունել: Այս իշխանությունը չի ուզում ինձ հետ աշխատել, ի՞նչ դատի մասին կարող է խոսք լինել, ես զոռով պետք է ասեմ՝ գիտե՞ք, ես շատ լավն եմ, ինձ հետ պետք է աշխատե՞ք: Աբսուրդ չի՞, ես այդ մարդը չեմ: Այո, ես ընդունում եմ, անշնորհք ձեւ էր, ես չէի ուզի, որ իմ 25 տարվա վաստակը այս երկրին այդ ձեւով գնահատվեր, բայց դրանով ես փակում եմ այս խոսակցությունը, ի՞նչ դատի մասին է խոսքը:
- Իսկ նոր նախագահին արդեն ներկայացրե՞լ են կառույցում:
- Ճիշտն ասած, տեղյակ չեմ: