Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր փոխոստիկանապետ է նշանակվել
11:30 , 14 հունիս, 2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անուբաղ Համբարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրով:
Վարդան Մովսիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:
1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում:
03.11.1994-17.10.2000 թթ.` ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ,
17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2007 թ. «Մխիթար Հերացի» մեդալով,
ԼՂՀ Նախագահի հրամանագրով` 2013 թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Բժշկական գիտությունների թեկնածու է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: