Կարիք չկա Մանե Թանդիլյանի հրաժարականն օգտագործելու կառավարության դեմ


13:06 , 13 հունիս, 2018
Հիշեք, որ կային ժամանակներ, երբ որևէ ոլորտում մեծագույն աղետներն էին պատահում, բայց այդ ոլորտը ղեկավարող նախարարը հրաժարական էլ չէր տալիս. կլիներ սողանք, կլիներ պատերազմ, կլիներ ֆինանսական շուկայի փլուզում, տո կուզեք, աշխարհն էլ քանդվեր, նախարարով, վարչապետով, երկրի նախագահով հրաժարական չէին տալիս: Նույնիսկ վարչության պետ հրաժարական չէր տալիս: Որքան էլ ցավալի լինի Մանե Թանդիլյանի հրաժարականը, այդուհանդերձ, արձանագրենք, որ այժմ արդեն նախարար է հրաժարական տալիս, որովհետև ընդունված որոշումն իր սկզբունքներին ու բազմամյա դիրքորոշումներին հակասում է: Ու կարիք չկա տեղի ունեցածը օգտագործելու կառավարության դեմ, հանգստացեք: Մանե Թանդիլյանին Նիկոլ Փաշինյանից մի պաշտպանեք կամ հակառակը՝ Մանե Թանդիլյանի թիկունքից մի գրոհեք Նիկոլ Փաշինյանի դեմ և հակառակը: Վստահ եմ՝ Մանեն ու Նիկոլը հետագայում էլ լավ անձնական հարաբերությունների մեջ են լինելու: