Ռեկորդակիր Ռեալը և լիվերպուլյան եռյակը. ՉԼ-ի եզրափակչի անոնսը


12:20 , 26 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Այսօր Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մադրիդի «Ռեալի» մրցակիցն այս անգամ լինելու է անգլիական «Լիվերպուլը»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Մի քանի տարի առաջ բարդ էր պատկերացնել, որ ինչ-որ թիմ կկարողանա Չեմպիոնների լիգան հաղթել երկու անգամ անընդմեջ:

Այսօր Կիևում «Ռեալը» կարող է բացառիկ ձեռքբերում գրանցել՝ երրորդ անգամ անընդմեջ նվաճելով Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը: 2016-ին Զինեդին Զիդանի թիմը դրամատիկ պայքարում հաղթել էր «Աթլետիկոյին», իսկ 2017-ին շանս չտվել Թուրինի «Յուվենտուսին»՝ 4:1:

Այս անգամ էլ «սերուցքայիններին» բաժին է հասել Չեմպիոնների լիգայում հանդես գալու հարուստ պատմություն ունեցող ակումբ: «Լիվերպուլի» համար այս եզրափակիչը 8-րդն է, որոնցում մերսիսայդցիները նվաճել են 5 տիտղոս: 1981 թվականին լիվերպուլցիները հաղթել են հենց մադրիդցիներին: Հարկ է նշել է, որ այդ եզրափակիչը վերջինն էր «Ռեալի» համար, որում նրանք չեն հաղթել: Դրան հաջորդող 6 վճռորոշ խաղերում «արքայական ակումբը» հաղթել է (1998, 2000, 2002, 2014, 2016 և 2017):

Պետք չէ հիշեցնել, թե ինչ ճանապարհ են անցել թիմերը, սակայն փլեյ-օֆի մեկնարկից առաջ չափազանց անհավանական էր թվում կանխատեսել եզրափակչի այս զույգը: «Ռեալը» տարվա մեկնարկում ճգնաժամի մեջ էր, խոսում էին նույնիսկ Զինեդին Զիդանի հնարավոր պաշտոնանկության մասին: Իր հերթին Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» երբեք աչքի չի ընկել կայունությամբ: «Կարմիրները» ֆանտաստիկ արդյունավետություն են ցուցադրում հարձակման գծում, սակայն դրա հետ թույլ տալիս անհեթեթ սխալներ պաշտպանությունում:

Եզր, որտեղ շատ բան կորոշվի

«Լիվերպուլն» ամենաշատը գրոհում է աջ եզրով: Այնտեղ է գտնվում Մուհամեդ Սալահը: Գոտին, որով ամենաշատը գրոհում են մադրիդցիները՝ Մարսելոյի և Ռոնալդուի ձախ եզրն է: Այդ եզրում եզրափակչի ժամանակ շատ թեժ պայքար է սպասվում: Այնտեղ են ծավալվելու գլխավոր դիմակայությունները:

Մարսելո-Սալահ. Համեմատել բրազիլացու ազդեցությունը «Ռեալում» Սալահի ազդեցության հետ «Լիվերպուլում»՝ չափազանցություն չէ: Պաշտպանը Զիդանի պահեստային տարբերակն է, երբ մրցակիցը պրեսինգով կենտրոնում փակում է Մոդրիչի և Կրոսի «օդերը»: Մարսելոյի ազդեցության մասին խոսում է այն, որ նա խաղի ընթացքում միայն Մոդրիչից է ավելի քիչ փոխանցում կատարում: Անհնար է նման ավանդ ունենալ և վստահելի գործել պաշտպանությունում: Մարսելոն «Ռեալի» ֆուտբոլիստների եռյակում է, ովքեր ամենաշատն են կորցնում գնդակը: Նրան անհրաժեշտ է փոխօգնության գալ, և դա այն պատճառներից է, թե ինչու է Զիդանն օգտագործում 4-4-2 սխեման:

Եզրափակչում բրազիլացու գոտի է ներխուժելու խաղացող, ում չեն կարողանում կանգնեցնել աշխարհի լավագույն պաշտպանները: Հավելենք, որ այդ եզր «Ռեալից» կարող է փոխարինման մտնել նաև Ասենսիոն: Հենց նրա դաշտ դուրս գալը փոխեց ՊՍԺ-ի հետ առաջին խաղի ելքը, երբ «Ռեալի» ձախ եզրն ահաբեկում էր հյուրերին հանդիպման վերջին 10 րոպեներին: Ընդհանուր առմամբ, զարմանալի չի լինի, եթե «Լիվերպուլը», մասնավորապես 60-րդ րոպեից հետո, աջ եզրում սկսի հաճախակի ձախողվել:

Հավանական կազմեր.

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա

«Լիվերպուլ». Կարիուս, Առնոլդ, Լովրեն, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Վեյնալդում, Միլներ, Հենդերսոն, Սալահ, Ֆիրմինո, Մանե