Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան


22:20 , 22 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ուսուցիչների ատեստավորման գործընթացում որոշակի փոփոխություններ և վերանայումներ կլինեն: Տարիների ընթացքում ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ունեցող ուսուցիչները կունենան առավելություն՝ բարձր աշխատավարձի տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը:

«Ուսուցիչների ատեստավորումը ավանդաբար կրել է ձևական բնույթ: Ոչ ոք դրանից չի կտրվել: Տեղի է ունենալու փոփոխություն, արդեն կա նախագիծ: Խնդիրներ ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան նորից անցնել այդ ատեստավորումը: Սակայն եթե ձախողումները շարունակական բնույթ կրեն, այդ մասնագետները չեն շարունակի դասավանդել դպրոցներում»,-ասաց նախարարը:

Վերանայումների և նոր համակարգի շնորհիվ ատեստավորմանը տարիներ շարունակ բարձր արդյունքներ արձանագրած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան մոտ 50 տոկոսով: Հարությունյանի խոսքով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս հավանություն է տալիս դրան:

Նախարարին կից կստեղծվի նաև կրթության ոլորտի փորձագետների խորհուրդ: Այդ խորհուրդը կհավաքվի տարվա մեջ մի քանի անգամ: Դրա կազմում կլինեն մասնավոր դպրոցների տնօրեններ: Նախարարի կարծիքով՝ մասնավոր դպրոցներում դրական մեծ փորձ կա, որը պետք է բերել հանրակրթության ոլորտ: