«Ես դասղեկներին ասել եմ՝ ժամանակները շատ վատն են, գումար չհավաքեք». Թիվ 186 դպրոցի տնօրենը արձագանքում է դրամահավաքության լուրերին


18:30 , 21 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Թեպետ Երևանի թիվ 186 դպրոցի որոշ դասարաններում դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները ծնողների պնդմամբ դեռ չեն վերադարձվել ծնողներին, նույն դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ հատ-հատ զանգահարում է ծնողներին ու հավաստիանում՝ արդյոք հետ են վերցրել գումարը։

Ավելի վաղ Aysor.am-ի խմբագրություն դիմած ծնողները ահազանգել էին դպրոցում, հատկապես, ավարտական դասարաններում խաշոր չափի դրամահավաքության մասին, որն իրականացվում է դասարանների դասղեկների կողմից։

«Անցած տարի էլ նման խոսակցություններ եղան, բայց ես վստահեցնում եմ՝ ոչ մի դասղեիկից ոչ մի կոպեկ գումար չեմ վերցրել։ Կարող է իրենք հավաքել են, բայց ինձ չեն տվել», - ասաց Քոչարյանը։

Նա պնդեց, որ «9բ» դասարանի ծնողները բոլորն էլ հավաքագրված գումարը վերադարձրել են։

«Ես հիմա կարող եմ ցուցակը վայբերով ուղարկել ձեզ։ Էդ գումարների հետ իմ անձը պետք չի խառնել, բայց եթե իրենք մտադիր են եղել, ես դրա հետ ի՞նչ գործ ունեմ», - հավելեց տնօրենը։

Aysor.am-ի հրապարակումը, տնօրենի խոսքով, ծնողների ու դասղեկների հետ արտահերթ ժողով անելու առիթ է եղել։

«Այդ հանդիպման ժամանակ խնդրեցի, հորդորեցի, ուղղակի աղաչեցի, որ նման բան չանեն։ Ես ծնողներին ասացի՝ հասկանում եմ՝ ինչի համար են անում, դա ձեր երեխան է, բայց ասել եմ, որ երեխաները դրանից չեն տուժելու, էլի կարող եք հավաքել գումար, գնալ խնջույքի, բայց էն ինչ արել եք՝ ենթադրենք ծաղիկ կամ նվեր գնելու համար, չեմ ուզում, ոչ մի բան ինձ պետք չի, չանեք, խնդրում եմ։ Ծնողներն ասացին՝ բա ինը տարի սովորել ենք, բա մի ծաղիկ էլ չառնե՞նք, ես էլ ասեցի՝ ոչ, չեմ ուզում։ Այդ պահին, խնդրում եմ, ձեր գումարները հետ տվեք։ Նույնիսկ խնդրել եմ նույն թաղամասում ապրող ծնող-բնակիչների տուն գնան, հետ տան գումարները», - փոխանցեց տնօրենը՝ ներկայացնելով «9բ» դասարանի աշակերտների ծնողների հետ հանդիպման մանրամասները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։