Մարդ, ով արյուն հանձնելով ավելի քան 2 միլիոն երեխաների կյանք է փրկել


17:15 , 19 մայիս, 2018

Օրեր առաջ ավստրալացի այս տղամարդը կրկին գրանցել է նոր ռեկորդ՝ 1173-րդ անգամ արյուն է հանձնել՝ արդյունքում փրկելով ավելի քան 2 միլիոն երեխաների կյանք։

81-ամյա Ջեյմս Հարիսոնի արյան մեջ հազվագյուտ հակամարմիններ կան, որոնք բժշկության մեջ օգտագործվում են մոր և երեխայի ռեզուսային տարբերության պատճառով առաջացող ռեզուս կոնֆլիկտի դեմ։

Նվիրաբերած անհավանական քանակությամբ արյան համար շատերը նրան կոչում են «Ոսկյա ձեռքով տղամարդը»։ Հարիսոնը բազմաթիվ մրցանակների և մեդալների է արժանացել Ավստրալիայում, ինչպես նաև գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ «Ուրախ եմ, որ կարողացել եմ ավելի շատ մանուկների կյանքեր փրկել։ Կարծում եմ՝ երկրագնդի բնակչության քանակը մի քանի միլիոնով ավելացրել եմ»,- ասել է նա։

Մայիսի 11-ին լրացավ ծերունու 81-րդ ամյակը, իսկ Ավստրալիայում գործող օրենսդրության համաձայն՝ անձը կարող է արյուն հանձնել մինչև 81 տարեկան դառնալը։ Հարիսոնը որոշել էր մինչ իր ծննդյան օրը վերջին անգամ արյուն նվիրաբերել։

Նախորդ 61 տարիների ընթացքում տղամարդը երկու շաբաթը մեկ այցելել է Կարմիր խաչ և արյուն նվիրաբերել։ Կարմիր խաչի տվյալներով՝ 1957 թվականից մինչ այժմ նրա հանձնած արյան շնորհիվ մոտ երկու միլիոն երեխայի կյանք է հաջողվել փրկել։