Գիտնականները զգուշացրել են սպասվող անբուժելի համաճարակի մասին


17:30 , 18 մայիս, 2018

Համաճարակը, որ սպառնում է բուսական, կենդանական աշխարհին ու մարդկանց, կարող է բռնկվել մոտ ժամանակներս անբուժելի սնկի պատճառով: Նման եզրակացության են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի, Էքսետերի համալսարանի և շվեյցարական Լոզանի համալսարանի գիտնականները:

Հետազոտության արդյունքների համաձայն, որ հրապարակվել են Science ամսագրում, սունկը շուտով կարող է կայունություն ձեռք բերել հակասնկային միջոցների նկատմամբ, որոնք բժշկության մեջ հաճախ չարաշահվում են: Նման դեղամիջոցներ օգտագործվում են նաև գյուղատնտեսության մեջ:

Գիտնականները նշում են, որ դեղերը ոչնչացնում են սնկերի միայն թույլ տեսակները, իսկ ավելի ուժեղները ապրում և զարգանում են՝ բուժման նկատմամբ անընկալունակ դառնալով:

«Դա վերածելու է սունկը «գերմանրէի» նման մի բանի, որի վրա չեն ազդում նույնիսկ հակաբիոտիկները»,- ասում են մասնագետները:

Գիտնականները գտնում են, որ սպառնալիքը թերագնահատվում է, և շատ շուտով այն իր մասին իմաց կտա:

«Այսօր սնկերի տարբեր տեսակների պատճառով ոչնչանում է աշխարհի բերքի 20 %-ը: Մարդկանց մոտ սնկային հիվանդությունների դեպքերը ներկայումս աճում են, իսկ դրանից մահացության գործակիցը արդեն գերազանցում է մալարիայից կամ կրծագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը և համեմատելի է տուբերկուլոզի և ՁԻԱՀ-ի մահացության հետ»,- նշվում է հետազոտության մեջ:

Այս կապակցությամբ մասնագետները կոչ են անում միջոցներ մշակել, որոնք կկարողանան դիմակայել այս սպառնալիքին: