Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ


16:20 , 18 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- գրել է Հովհաննիսյանը: