Մեգան Մարքլը պարզաբանել է, թե ինչու է իր հայրը հրաժարվել մասնակցել իր հարսանիքին


17:00 , 18 մայիս, 2018

Մեգան Մարքլի հայրը չի մասնակցի իր դստեր և արքայազն Հարրիի հարսանիքին։ Այս մասին հաստատել է հենց ինքը՝ Մեգան Մարքլը։ Քեսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրությունում նա նշել է․

«Ցավոք, հայրս չի կարողանա մասնակցել մեր հարսանիքին։ Միշտ հոգ եմ տարել հորս մասին և հուսով եմ՝ նա վերջապես կկենտրոնանա իր առողջության վրա։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել։ Ես ու Հարրին անհամբերությամբ սպասում ենք շաբաթ օրվան՝ ձեզ հետ կիսելու մեզ համար հատուկ նշանակություն ունեցող այդ օրը»։

Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է հարսնացուին՝ Մեգանին ուղեկցելու եկեղեցում։ Խոսակցությունների համաձայն՝ ուղեկցողի դերը կկատարի Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, ով օրեր առաջ է ժամանել Լոնդոն։

Նախկինում արդեն հաստատվել էր, որ Մեգանի հայրը՝ 73-ամյա Թոմաս Մարքլը, սրտի կաթված է ստացել և շուտափույթ վիրահատության պետք է ենթարկվի, ինչի պատճառով էլ չի կարողանա ներկա գտնվել իր դստեր պսակադրությանը։ Որոշ կայքերի տարածած տեղեկությունների համաձայն՝ Թոմասն ու Դորիան չեն խոսում միմյանց հետ, իսկ Թոմասի սրտի կաթվածի պատճառն այն էր, որ նրա որդին բաց նամակ էր հրապարակել՝ համոզելու արքայազն Հարրիին չամուսնանալ Մեգանի հետ։ Նաև խոսակցություններ են պտտվում, թե հարսանիքին մասնակցելուց հրաժարվելու պատճառները կապված են ընտանեկան լարված հարաբերությունների հետ։

Շուտով արքայական ընտանիքի անդամ դարձող Մեգան Մարքլի ծնողների և եղբոր շուրջ սկանդալները չեն դադարում։ Ամեն օր տարբեր կայքեր սկանդալային բացահայտումներ են հրապարակում նրանց մասին։

Հիշեցնենք, որ արքայական հարսանիքը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 19-ին։