Իրաքյան Քրդստանում մենք ունենք լուրջ պոտենցիալ, որպեսզի ստեղծենք ուժեղ սփյուռք


10:36 , 18 մայիս, 2018

Իրաքյան Քրդստանում մենք ունենք լուրջ պոտենցիալ, որպեսզի ստեղծենք ուժեղ սփյուռք: Սակայն մինչև հիմա այդ տարածաշրջանին պետականորեն հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվել, որը ես, կարծում եմ, անտեղյակության հետևանքն է: 

Պետք է փաստեմ, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դրական է տրամադրված հայերի նկատմամբ, սակայն դա բավարար չէ, որպեսզի հայերն այստեղ աշխուժանան ու սկսեն վարել համայնքային կյանք: Շատ կարևոր գործոն կա այստեղ, որը բացակայում է շատ գաղթօջախներում, հայերն այստեղ ապրում են միևնույն բնակավայրերում, այսինքն՝ կան գյուղեր, որտեղ միայն հայեր են ապրում: 

Վերջին շրջանում Իրաքյան Քրդստանում երկու համապետական իրադարձություն տեղի ունեցավ, որի ժամանակ լուսանցքում մնաց հայկական կողմը: Իրաքյան Քրդստանի 2017թ.-ի սեպտեմբերի անկախության հանրաքվեի ժամանակ՝ չնայած այն բանին, որ նախագահ Բարզանին մի քանի անգամ ասել էր հայերեն լեզվի պետական լինելու մասին, միևնույն է, քվեաթերթիկների վրա այդպես էլ քրդերենի, արաբերենի, թուրքմեներենի կողքին չհայտնվեց հայերենը:

Վերջերս կայացած Իրաքի խորհրդարանի ընտրություններում քրդական կուսակցությունների ցուցակներում նույնպես չկային հայեր: Սա խոսում է այն մասին, որ այստեղ անհրաժեշտ է Հայաստանի կողմից պետական քաղաքականություն վարել: Հիշեցնեմ, որ այդ հնարավորությունն ընձեռվել է․ Էրբիլում հնարավոր է բացել հյուպատոսարան և լուրջ աշխատանքներ իրականացնել ոչ թե հայապահպանության համար, այլ օգտագործելով առկա ռեսուրսները հզորացնել այդ շրջանում սփյուռքը...

Երկար կարելի է խոսել այս թեմայի շուրջ, բայց խնայում եմ ընթերցողիս։