ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարց չի քննարկել և արհեստականորեն չի խոչընդոտի կառավարության գործունեությունը. Էդուարդ Շարմազանով


22:00 , 17 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հարցեր չեն քննարկվել:

Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են հարցեր,որոնք վերաբերում են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետագա գործունեությանը, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուններից մեկը.«Մենք շարունակելու ենք գործել հանուն ՀՀ քաղաքացիների և հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ամրապնդման: Նաև նշեմ, որ օրերին տարբեր գնահատականներ են հնչում՝ հեղափոխական, հակահեղափոխական... ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել և մնում է որպես բացարձակապես քաղաքական միավորում, մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ, առավել ևս, հակահեղափոխական:

Նման եզրույթներ օգտագործելը կարծում եմ իրականության հետ որևէ կապ չունի, ավելին՝ մենք ռևանշիստներ չենք, հետևաբար բոլոր նրանք, որոնք մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, խնդրում եմ զերծ մնալ նման եզրույթներից»:

Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այսօր այդ հարցը չի քննարկվել, արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական ու իրավական պայմաններ:

«Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, թե երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե  բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար այս փուլում ԱԺ ընտրությունների անցկացման հարց չի դրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։