Tert.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:
Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին:
«Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,- ասաց վարչապետը:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հարցին ի պատասխան նա նշեց. «Կքննարկենք: Կարծում եմ՝ այս տարի»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության աշխատակազմին էր ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել էր փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: