Հանձնարարվել է նախապատրաստվել մայիսի 25-ին «Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը. Երևանի քաղաքապետարան


21:30 , 7 մայիս, 2018
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը:

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

Հանձնարարվել է նաև ՃՈ հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովման ուղղությամբ: