Բալետի պարուհին՝ Երևանի փողոցներում. համացանցի ամենահայտնի նախագիծը հիմա արդեն մեր քաղաքում


13:00 , 4 մայիս, 2018

Շնորհ, լույս և հարթ շարժումներ. երբ սիրտը միաժամանակ գեղեցիկ երաժշտություն է նվագում հույզերի հետ, նշանակում է՝ դուք ականատեսն եք տիեզերքի ու ժամանակի իրական իմաստն արտացոլող արվեստին՝ բալետին: Քչերը գիտեն, թե ինչ ծանր աշխատանք է թաքնված այդ սահուն շարժումների հետևում, ու երբեմն ինչ զոհողությունների են գնում բալետի արտիստներն արվեստի կատարելագործմանը հասնելու համար: BlogNews.am-ը այս ու այլ հարցերի մասին զրուցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Սոնա Վարդանյանի հետ ու ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք՝ արված քաղաքի փողոցներում, պարզ հագուստով:

Բալետը հաղթանակ է, որը տրվում է արյամբ ու քրտինքով

Բալետն անսահման քնքշություն և նրբություն է ենթադրում, բայց ոչ ոք չգիտի, թե այդ գեղեցկությունն ինչ արժեք ունի մեզ՝ պարողներիս համար: Բալետի արտիստ դառնալու համար, իհարկե, տաղանդ է պետք, բայց ամեն ինչ աշխատասիրությունից է կախված: Իրականում շատ պատահական եմ ընտրել բալետը, ուղղակի համապատասխան տվյալներ ունեի:

Պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է մի ամբողջ կյանք նվիրել բալետին

Նախքան բեմում հայտնվելն արտիստն անցնում է բավական դժվար ու զրկանքներով լի ճանապարհ: Ամեն ինչ սկսվում է վաղ հասակից: Սովորելով դասական պարի բաժնում՝ գնալով կատարելագործել եմ հմտություններս ու այսօր մենապարուհի եմ՝ ընդգրկված թատրոնի ռեպերտուարային գրեթե բոլոր ներկայացումներում: Տաղանդ, աշխատասիրություն, դերասանական շնորհ ու զարգանալու անհագ ցանկություն. այս ու մի շարք այլ որակներ են պահանջվում բալետի արտիստներից լավագույնին հասնելու համար: Դրան զուգահեռ՝ ես միշտ փորձում եմ լայնացնել իմ մտահորիզոնը, քանի որ արտիստը պետք է ունենա ինտելեկտ և հարուստ ներաշխարհ:

IMG_5987 copyIMG_6064 copyԲալետը հոգեվիճակ է

Տեխնիկան առանց հոգեվիճակի անհար է։ Այսօր ցանկությունս մեկն է՝ արժանի լինել բալետի առաջատար մենապարուհու կոչմանն ու միշտ հանդիսատեսի համար հաճելի լինել, իսկ մնացած կոչումները տարիների ընթացքում ձեռք կբերեմ, եթե ոչ, ապա հաստատ չեմ տխրի:

Բեմն ուժեղներին է սիրում

Բալետի արտիստը պետք է շատ ամուր կամք ունենա: Մինչև երազանքների իրականացում ճանապարհը հեշտ չի եղել: Առաջին հիասթափությունս եղել է դպրոցական տարիներին, ու շնորհակալ եմ ծնողներիս, որ այդ ընթացքում նրանք կողքիս էին ու չթողեցին, որ կայացնեմ կյանքիս ամենասխալ որոշումը: Հետո, իհարկե, հիասթափությունների շարքը շարունակվել է, բայց այդ ժամանակ արդեն հասկացել եմ, որ պետք է հաղթահարեմ և անցնեմ առաջ: Գիտակցել եմ, որ եթե կոտրվեմ, դրանից ավելի լավ չի լինի: Մեր մասնագիտության ամենացավոտ կողմը երևի թե այն է, որ շատ վաղ տարիքում ենք ստիպված լինում թողնել բեմը:

IMG_6174 copyIMG_6136-2 copyԲալետը շատ բան տալիս է, բայց երբեմն նաև վերցնում է…

Բալետն ինձ տվել է հնարավորություն իրականություն դարձնելու մանկությանս երազանքը: Բեմը տալիս է էմոցիաներն ու ապրումներն արտահայտելու հնարավորություն, նոր ոգևորություն: Ծափահարությունները ստեղծագործելու նոր լիցք ու ուժ են հաղորդում: Արտաքին գեղեցկության և թեթևության հետևում երբեմն թաքնված են լինում վնասվածքներ, ցավեր, որոնք բալետի արտիստը երբեք չպետք է ցույց տա հանդիսատեսին․ նա չպետք է  բեմ բարձրանա վատ տրամադրությամբ և ընկճված:

Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի

Բալետով զբաղվողներն ունեն տարբերվող կենսակերպ՝ ամենօրյա մարզումներ, ճիշտ սննդակարգ: Սննդի հարցում կա «կարելի»-ների ու «չի կարելի»-ների սահման, բայց ես այդ խնդիրը, փառք Աստծո, չունեմ, սակայն որոշ զոհողությունների ամեն դեպքում գնում եմ:

IMG_6041 copyIMG_6243 copyՄենք ունենք կայացած բալետային դպրոց

Այսօր մեր թատրոնն ունի հիանալի պարողներ, բարձր մակարդակի բալետային խումբ, լեփ-լեցուն դահլիճ: Թատրոնում բոլոր հնարավորությունները ստեղծված են ստեղծագործելու համար, տեխնիկապես հագեցած է ամեն ինչ: Միայն խաղացանկն է, որ մի փոքր ընդլայնելու կարիք ունի, ինչի վրա աշխատում ենք:

Կարծրատիպը, որ պարողները չունեն անձնական կյանք, այլևս արդիական չէ

Բալետի պարողներն էլ մարդիկ են, ինչպես բոլորը: Նրանք էլ են ընտանիք կազմում ու նույնիսկ կարող են ծանր օրվանից հետո լիցքաթափվել ակումբում: Կարծիքը, որ բալետի արտիստները շուտ երեխա չեն ունենում, արդեն կարծրատիպային է: Այդպես եղել է մոտ 30-40 տարի առաջ, բայց ոչ հիմա: Ժամանակակից արտիստների մեծ մասն ունի ընտանիք և երեխաներ: 

Կնոջ առաջնային կոչումը մայր լինելն է

Դա երևի թե ամենաբարդ մասնագիտությունն է: Եթե հարազատներս կողքիս չլինեին, աղջկաս խնամքի հետ մեկտեղ ինձ համար շատ դժվար կլիներ զբաղվել սիրածս գործով: Առհասարակ կարծում եմ, որ կինը պետք է իրեն կայացած զգա և՛ մասնագիտության մեջ, և՛ անձնական կյանքում: Ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի: Ուզում եմ, որ հայ կանայք միշտ լինեն սիրված ու գնահատված և երբեք չդադարեն ժպտալ։

IMG_6281 copyIMG_6311 copyIMG_6361 copyIMG_6468 copy

Նյութը՝  Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Johny Core
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան