Բարեխղճորեն կատարում ենք պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը. Կարեն Կարապետյան


12:30 , 3 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով մեր կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված, կառաջարկեմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականն ու խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի, անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար, թե անարդար քննադատությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր թե առողջապահության, թե սոցիալտնտեսական, թե եկամտահարկի իջեցման, թե առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանն ինքը որոշի՝ դա անել, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը: