ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:
ՀՅԴ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում: