Երևանում ու մարզերում առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են ցույցեր: Դրանք խաղաղ են ու ապակենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»,- հայտնեց Լենա Նազարյանը:
Նա ասաց, որ ինքն առավոտյան հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վերջինս, Լենա Նազարյանի խոսքով, առաջարկում էր նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար:
Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: