ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական
Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված և վարույթ ընդունված քրեական գործերի տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 20-ին, 21-ին մի խումբ անձինք ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում՝ գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Բացի այդ, բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով՝ 1 անձ։
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ Երևան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: